«ԱՐԱՐԱՏ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»․ ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց իր ելույթները, իսկ դա նշանակում է, որ ակումբային ֆուտբոլը վերադառնում է։ Արդեն այսօր՝ նոյեմբերի 22-ին կմեկնարկի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրը։ «Գանձասար-Կապանը» կհյուրընկալվի Երևանի «Արարատին»։ Թիմերը մրցաշարային աղյուսակում գտնվում են հակադիր կողմերում։ «Արարատը» 26 միավորով՝ 2-րդն է, իսկ «Գանձասար-Կապանը»՝ 10 միավորով նախավերջինը։

ՈՐՊԵՍ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թիմերը միմյանց հետ խաղացել են 55 անգամ։ Ավելի հաջողակ գտնվել են Սյունիքը ներկայացնող թիմի ֆուտբոլիստները, ովքեր 34 հաղթանակ են տոնել, գրանցվել է 5 ոչ-ոքի, 16 անգամ էլ առավելության են հասել «Արարատի» ֆուտբոլիստները։ Գոլային պակաս այս դիմակայությունում երբեք չի զգացվել։ Անցկացված 55 խաղում 142 գոլ է խփվել, որից 50-ը հեղինակել են «Արարատի», իսկ 92-ը «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները։ Ստորև տեղադրված նկարից էլ հասկանալի է դառնում, որ այս թիմերի խաղերը միշտ էլ անցել են թեժ պայքարում։

Այս թիմեր մասնակցությամբ ամենագոլառատ հանդիպումը կայացել է նախորդ առաջնության վերջին տուրում, երբ կապանյան թիմը 7-1 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։

ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՍԻՐԵԼԻ ՄՐՑԱԿԻՑԸ

«Գանձասար-Կապանի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ամենաարդյունավետը եղել է հենց «Արարատի» հետ խաղերում։ Կապանյան թիմում անցկացրած 6 մրցաշրջանների ընթացքում Հարությունյանը 17 գոլ է խփել «Արարատին»։ Երկու անգամ էլ պոկեր է ձևակերպել։

ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂԸ

Թեպետև վերջին տարիներին «Արարատը» հիմնականում մրցաշարային աղյուսակի վերջնամասում էր լինում, բայց անգամ նման իրավիճակում թիմը ճակատամարտ էր մղում բոլորի հետ։ Ոչ ոք նախապես չէր կարող ասել, որ հաղթանակը «Արարատի» հետ խաղերում՝ երաշխավորված է։ «Գանձասար-Կապանը» երկու անգամ սեփական փորձով է համոզվել դրանում։ 2017/18 մրցաշրջանում կապանյան թիմը պայքարում էր չեմպիոնության համար։ «Արարատը», որը մրցաշրջանն ավարտեց վերջին հորիզոնականում կարողացավ երկու անգամ առավելության հասնել կապանյան թիմի նկատմամբ։ Այդ երկու խաղերում էլ «Արարատի» կազմում իրենց լավ դրսևորեցին Անդրանիկ Քոչարյանն ու Դավիթ Մինասյանը, ովքեր այսօր հանդես են գալիս արդեն «Գանձասար-Կապանի» կազմում։

8 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ

Երկու թիմերի կազմում ընդհանուր հաշվով 8 ֆուտբոլիստներ կան, որոնք խաղացել են երկու ակումբներում էլ։ «Արարատից» Զավեն Բադոյանն ու Արտակ Ալեքսանյանը ժամանակին խաղացել են «Գանձասարում», իսկ արդեն կապանյան թիմի ներկայիս կազմից 6 ֆուտբոլիստներ՝ Գրիգոր Մելիքսեթյանը, Վարդան Արզոյանը, Դավիթ Մինասյանը, Անդրանիկ Քոչարյանը, Գևորգ Նռանյանն ու Գևորգ Օհանյանը։

Արտակ Ալեքսանյանը՝ «Գանձասար-Կապանի» կազմում

ԱՌԱՆՑ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Գանձասար-Կապանը» առաջիկա խաղին ներկայանում է կադրային խնդիրներով։ Ինչպես հայտնի է վնասվածքի պատճառով այս խաղը բաց կթողնի նաև Դավիթ Մինասյանը։ Հարցականի տակ է նաև Գևորգ Օհանյանի մասնակցությունը։ Վերջինս միայն նախախաղային մարզումն է անցկացրել ընդհանուր խմբի կազմում։ Որակազրկված լինելու պատճառով «Արարատից» էլ չեն խաղա Արտակ Ալեքսանյանն ու Դենիս Դեդեչկոն։

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Թիմերը միմյանց հետ խաղացել ենք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում։ Խաղը կայացավ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ու ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Հաղթական գոլը հեղինակեց Դավիթ Խուրցիձեն։

 

Լուսանկարը՝ TotalFootball.am-ի

Leave a Reply