Warning: Use of undefined constant REQUEST_URI - assumed 'REQUEST_URI' (this will throw an Error in a future version of PHP) in /home/customer/www/fcgandzasarkapan.am/public_html/wp-content/themes/alchemists/functions.php on line 73
Փառքի սրահ – FC Gandzasar Kapan

Փառքի սրահ

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի կայքէջի «Փառքի սրահ» բաժինը նրանց համար է, ովքեր իրենց վառ խաղով, անմնացորդ նվիրվածությամբ ու տպավորիչ ելույթներով եղել են կապանյան ակումբի առանցքային ֆուտբոլիստները։ Ի դեպ կապանյան թիմի կազմում 100-ից ավելի հանդիպում անցկացրած ֆուտբոլիստները նույնպես ընդգրկվում են «Գանձասար-Կապանի» փառքի սրահում։

ԳՐԻԳՈՐ-ԳԻԼՈ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Նրա ֆուտբոլը ողողված էր պոեզիայով…

Խոսելով կապանյան ֆուտբոլի մասին։ Այս անուն ազգանունը առաջինն է, որը մտաբերվում է։ Գրիգոր-Գիլո Համբարձումյան: Մարդը, որ իր ամբողջ կյանքը նվիրեց ֆուտբոլին ու դարձավ այդ խաղի հոյակապ ներկայացուցիչներից մեկը: Նա հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով երբևէ հրավիրվել է ԽՍՀՄ հավաքական, դա էլ այն ժամանակ, երբ այդ հավաքականում փայլում էին այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Լև Յաշինը, Միխեիլ Մեսխին, Իգոր Նետոն: Համբարձումյանը այն ֆուտբոլիստներից էր, ովքեր ստիպում էին երկրպագուներին վեր թռչել նստարաններից, այն կյանքը որով ապրում էր Գրիգոր-Գիլո Համբարձումյանը շնչում էր ֆուտբոլով.

«Գրիշա Համբարձումյանը, բնածին տաղանդի տեր էր, աստվածատուր տաղանդ ուներ, թե՛ խաղի ժամանակ, թե՛ կյանքում: Մենք երբ երիտասարդ էինք նրանից միշտ օրինակ էինք վերցնում, ֆուտբոլային մեր իդեալն էր: Իսկ ինչ վերաբերվում է խաղադաշտում նրա ցուցադրած խաղին, ապա ասեմ, որ եթե երաժտության մեջ ամենահեղինակավորը դասականն է, ապա նրա ֆուտբոլը նման էր դրան, իր ամեն ինչով, պահվածքով, մաքուր ֆուտբոլ էր խաղում, ի շնորհիվ իր ունակությունների, իր տաղանդի: Այն ժամանակ խաղում էին այնպիսի անուններ, ինչպիսիք են Միխեիլ Մեսխի, Լև Յաշին, Իգոր Նետտո, Վալենտին Իվանով: Այդ ժամանակ շատ դժվար էր հավաքականում տեղ գտնելը հատկապես այլ ազգի ֆուտբոլիստների համար, պատկերացրեք, թե նա ինչ տաղանդ ուներ, որ մարզիչները նրան նկատեցին ու վերցրին հավաքական, այդ ժամանակ ընդգրկեցին նրան սովետական միության 33 լավագույների ցանկում: Համբարձումյանի՝ սովետական միության հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը չմասնակցելու պատճառներից մեկը ազգային խտրականության առկայությունն էր, որը կար այն ժամանակ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ նրան ու Վյաչեսլավ Համբարձումյանին չընդգրկեցին ազգային թիմ։ Այդ մունդիալում սովետական միության թիմը ձախողվեց: Միայն մեկ պատճառով։ Այն ժամանակ նույն դիրքում խաղացող երկու ֆուտբոլիստ էին հայտավորում, այսինքն կենտրոնական երկու հարձակվող, կենտրոնական երկու պաշտպան Համբարձումյանի փոխարեն աշխարհի առաջնության մեկնեց Սերգեյ Կոտրիկաձեն, որպես երրորդ դարպասապահ, դա չլսված բան էր: Իսկ այն ժամանակ փոխարինման օրենքը ֆուտբոլում գոյություն չուներ: Հենց առաջին իսկ խաղում աջ պաշտպանը, ով Համբարձումյանի փոխարեն մեկնել էր մունդիալ՝ կոտրեց ոտքը: Սովետական միության ազգային հավաքականի այն ժամանակվա մարզիչը՝ Գավրիլ Կաչալինը մամուլի հետ շփման ժամանակ նշեց, որ իրենց մեծագույն ու կոպտագույն սխալներից մեկն այն էր, որ Գրիգոր Համբարձումյանին չընդգրկեցին աշխարհի առաջնություն մեկնող հավաքականի ցուցակում: Դրանով ամեն ինչ ասվում է: Նա օդում անպարտելի էր, Համբարձումյանին օդային արքա էին ասում: Նրա հետ միասին ֆուտբոլը եկավ Կապան, ավելի ճիշտ Ղափան: Մարզասերը եկավ Ղափան: Բոլորը սիրահարվեցին, այդ մարզաձևին, որի հիմնադիրը այս քաղաքում հանդիսանում էր հենց ինք», – այսպես է Գրիգոր Համբարձումյանի մասին արտահայտվել Կապանի մարզադաշտի նախկին մեկնաբան և ֆուտբոլիստ Իլյա Պետրոսյանը:

Նրա հետ միասին ֆուտբոլը եկավ Կապան

Գրիգոր-Գիլո Համբարձումյանն ու Միխեիլ Մեսխին

Իսկ նրա աշակերտներից մյուսի՝ Միշա Մանուչարյանի համար Համբարձումյանը նույնպես մեծություն էր, ով ֆուտբոլը դարձրեց Կապան քաղաքի կենսակերպը. « Ես ճիշտն ասած շատ մտերիմ էի նրա հետ,  նրան հանդիպել եմ, երբ առաջին անգամ ոտքս գնդակին դիպչեց: Նա օժտված էր այնպիսի հատկություններով, որոնք պետք են ոչ միայն սպորտում, այլև կյանքում : Նա լիդեր էր, կարողանում էր առաջնորդել, ինքն ինձ համար հոր պես է եղել, քանի որ ես շուտ եմ հորս կորցրել: Անգամ երբ հաց էինք ուտում միասին, իր ափսեի պարունակությունը դատարկում էր իմի մեջ ասելով ինձ, որ լավ ուտեմ, որպեսզի կարողանամ լավ ֆուտբոլ խաղալ: Կապանում յուրաքանչյուր խաղ ես նրա հետ էի դիտում, քանի որ անաչառ էր, միշտ ճիշտ էր գնահատում: Որպես մարզիչ էլ նա լավն էր, որքան ես ֆուտբոլ եմ խաղացել, նրա դերը այդ հարցում մեծ է եղել: Ինձ միայն մեկ հարց է հետաքրքրում, թե ինչու նա մարզչական գործունեությամբ երկար չզբաղվեց, չնայած, որ բոլորը նրանից դա էին պահանջում: Դա առեղծված է:  Ես միշտ նրա հետ էի ֆուտբոլ  նայում, նստում էի նրա կողքին՝ տրիբունային։ Ինձ հարցնում էին, թե ինչու եմ միշտ նրա հետ նայում, իսկ ես պատասխանում էի, որ անգամ նրա լռությունից շատ բան եմ սովորում: Դավիթիչին պետք էր ավելի շատ մեծարել նրա կենդանության օրոք, բայց հիմա՝ նրա մահից հետո էլ պետք է հարգել նրա հիշատակը՝ ապագա սերունդներին պատմելով հայկական ֆուտբոլի վառ ներկայացուցչի մասին»:

ՄԻՇԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

9 համարի հարձակվողը

Միշա Մանուչարյանը վերին շարքում ձախից 4-րդն է

9 համարի մարզաշապիկը նրան շնորհել էր Ալբերտ Ստեփանյանը նրա առաջին մարզիչը։ Մանուչարյանը ստացավ այն ու մինչև ֆուտբոլային կարիերայի ավարտը կրեց հենց այդ համարը։ Ուշագրավ է, որ Միշա Մանուչարյանը ֆուտբոլային կարիերան ավարտել է 40 տարեկանում։

«9 համարի մարզաշապիկը մոգական ուժ ունի, ես երբեք այլ համարով չեմ խաղացել։ Տղաս՝ Բենիամին Մանուչարյանը, երբ խաղում էր «Գանձասարում» նույնպես կրում էր 9-ը համար, եթե թոռս էլ որոշի ֆուտբոլ խաղալ, ապա կցանկանամ, որ նա էլ խաղա հենց 9 համարի մարզաշապիկով»։

Խորհրդային բանակում ծառայելու ընթացքում Միշա Մանուչարյանը հանդես էր գալիս Երևանի «Աստղ» ֆուտբոլային ակումբում, որի կազմում հեղինակելով 42 գոլ դարձավ հանրապետության լավագույն ռմբարկու։ Տպավորիչ ցուցանիշները ֆուտբոլիստին աննկատ չէի թողնի։ Դա բնական է։ Մանուչարյանը կարող էր անգամ հաղթական «Արարատի» մասնիկը լինել։ Մարզիչները շատ էին հավանում 9 համարի հարձակվողի խաղը, բայց ընտանեկան որոշ հանգամանքների պատճառով այդ տեղափոխությունը չկայացավ։

« Ես ներկայիս հարձակվողներին միշտ ասում եմ․ «Տղաներ՝ ձեր գործը գոլ խփելն է։ Գոլը պետք է հարձակվողի էությունը լինի»

Միշա Մանուչարյանը ձախից առաջինն է

«Նրան պետք չէր ինչ-որ էլեմենտներ սովորեցնել, ուղղակի պետք էր ֆուտբոլիստ դարձնել։ Նրան ես ավելի բարդ վարժություններ էի տալիս, մյուսներից ավելի շատ էի ծանրաբեռնում։ Ի ուրախություն ինձ նա ամեն ինչ ընկալում էր։ Նա ամեն ինչ կատարում էր հեշտությամբ։ Շատ կարգապահ ֆուտբոլիստ էր»

Ալբերտ Ստեփանյանը Միշա Մանուչարյանի մասին

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Մանուչարյանը դարձավ մարզիչ ու մինչև կյանքի վերջը մնաց ֆուտբոլին հավատարիմ ու դաստիարակեց հարյուրավոր պատանիների։

Միշա Մանուչարյանը մահացել է 2019 թվականի օգոստոսին: